Պատերազմը մեծ վնաս է հասցրել Հալեպի Կիլիկյան վարժարանին. «Հայ Ձայն»
Հալեպյան պատերազմի հինգ տարիների ընթացքում հայ մանուկների կրթօջախ Կիլիկյան վարժարանը նյութական խոշոր վնասներ է կրել։ «Հայ Ձայն»-ի թղթակցի հետ զրույցում վարժարանի տնօրեն Աբրահամ Զուբրիգյանն ասել է. «Ահավոր մեծ չափերի են ֆինանսական կորուստները։ Վնասվել է մանկապարտեզի բաժինը, բայց նախակրթարանի համեմատ, վիճակը լավ է։ Նախակրթարանը սարսափելի վնասված է։ Ինչ վերաբերում է երկրորդական բաժնին, այստեղ էլ վնասներ կան, հատկապեսk վերջին մի քանի օրերի ռմբակոծության ժամանակ ... էլի վնասներ ունեցանք»:
Տնօրենի խոսքով՝ նախակրթարանի վիճակը ծանր է, 70 տոկոսը քանդվել է, և պատճառն այն է, որ այդ հատվածը ճակատային է եղել, և ռմբակոծության ժամանակ ուղիղ թիրախում է եղել. «Չեք պատկերացնի, ամեն օր խփում էին, ամեն օր հարվածում էին, հենց գծի վրա էր։ Մշտապես կրակի տակ էինք»:
Բացի նյութական ծանր կորուստներից, Կիլիկյան երբեմնի խոշոր կրթօջախը պատերազմի ժամանակ նաև աշակերտների արտահոսք է ունեցել:
«Պատերազմից առաջ մենք 400 աշակերտ ունեինք, բայց հիմա աշակերտների թիվը շուրջ 130-ի է հասնում։ Արտագաղթը շատ եղավ»,- ասել է նա:
Արտագաղթը չի շրջանցել նաև ուսուցիչներին, մեծ մասը հեռացել է Հալեպից, բայց, ինչպես Զուբրիգյանն նշել է, նրանց փոխարինողներ գտնվել են։
Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրին, վարժարանի տնօրենն ասել է. «Երբ զարկեր էին լինում, ծնողները դպրոց չէին ուղարկում, դե մարդիկ վախենում էին։ Բայց միևնույնն է, մենք կարողանում էին փակել ծրագիրը, հասցնել»:
Վարժարանն այժմ ապրում է բարեգործական միությունների տրամադրած ֆինանսական օժանդակությունների հաշվին՝ ԱՄՆ-ում Կիլիկյան, ինչպես նաև անհատ բարերարների. «Այդ գումարներով հոգում ենք բոլոր ծախսերը՝ վառելանյութ, աշխատավարձ»:
Հալեպում այժմյան խաղաղ վիճակը, ըստ Զուբրիգյանի, հնարավոր է նպաստի, որ իրենց աշակերտների թիվն ավելանա: Նա հույս ունի, որ հալեպահայերը կվերադառնան Դամասկոսից, Հայաստանից, Լաթաքիայից։
«Օրը ինչ կբերի՝ չգիտենք։ Ոչ մեկս չգիտի, թե ինչ կլինի, քաղաքական հարց է», -ասել է Աբրահամ Զուբրիգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան