Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են. փոխնախարար
Վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` 2016թ. 11 ամսվա ընթացքում 0-1 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 325` 2015թ. նույն ժամանակահատվածի 336 դեպքի համեմատությամբ:
Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ 0-5 տարեկան երեխաների մահացությունը նույնպես կրճատվել է: Մասնավորապես, 2016թ. 11 ամսվա ընթացքում 0-5 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմել է 376` 2015թ. նույն ժամանակահատվածի 398 դեպքի համեմատությամբ:
Փոխնախարարը հայտնեց, որ hղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների, ձեռնարկված միջոցառումների և լայն քարոզչության արդյունքում Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության նվազեցում։ Այժմ այն կազմում է 108 տղա 100 աղջկա դիմաց` 2014թ.-ի 115-100 և 2015թ. 113-100-ի դիմաց:
«Այս ցուցանիշը համապատասխանում է միջազգային նորմերին: Մենք այս ցուցանիշին հասել են համատեղ աշխատանքի շնորհիվ, ԵՄ ֆինանսավորմամբ լրջագույն ծրագրեր են իրականացվել մարզերում: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այս ամենը պահպանենք, ինչպես նաև հետագայում այդ ցուցանիշը հավասարեցնենք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև անպտղության նվազեցման ուղղությամբ: Մասնավորապես, նվազել է երկրորդային անպտղությունը, ինչը հիմնականում կապված է արհեստական ընդհատումների հետ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր երկրում 2016թ. 11 ամսում արձանագրվել է 37.462 ծննդաբերություն։ Արագ արձագանքման արտագնա անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ծրագրով սպասարկվել է մարզային 72 կանչ, որոնք նպաստել են մայրական ու նորածնային մահերի կանխարգելմանն ու նվազեցմանը։ Եթե մայրական մահացության ցուցանիշը 1999-2001թթ. եռամյա կտրվածքով եղել է 40.3/100.000 կենդանածնության հաշվով, ապա 2014-2016-ին` 18/100.000։
Անդրադառնալով մայրական մահացության դեպքերին՝ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ 2016թ. արձանագրված մայրական մահացության 10 դեպքից 7–ի պատճառը եղել են հղիության հետ չկապված ախտաբանություններ (լյարդի սուր անբավարարություն և լյարդային կոմա, գեներալիզացված տուբերկուլոզային ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք տանը)։ Մյուս 3 դեպքերում մահվան պատճառը հետծննդյան արյունահոսությունն է և հեմոռագիկ շոկը:
Ինչ վերաբերում է նորածնային սկրինինգ ծրագրերին, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ընթացիկ տարում շարունակվել են այդ ծրագրերը, որոնց շնորհիվ` հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզով 17 երեխա, 4-րդ աստիճանի ծանրալսությամբ 41 երեխա և ֆենիլկետոնուրիայով 7 երեխա վերցվել են հսկողության և ստացել անվճար բուժօգնություն կամ հատուկ սնունդ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերված` անհասության ռետինոպատիա ունեցող նորածինների շրջանում կուրության կանխարգելման նպատակով իրականացվել է 21 լազերային միջամտություն, անցկացվել 16 հակաանգիոգեն ներարկում:
Նշվեց նաև, որ այս տարի մշակվել և հաստատվել են ոլորտը կանոնակարգող մի շարք իրավական ակտեր` «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագիրը», «Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը», Առողջության առաջնային պահպանման հաստատություններում ծնողական կրթության կենտրոնների աշխատանքի կազմակերպման գործելակարգը, խորհրդատվական ստանդարտ ուղեցույցներ, «Առողջ նորածինների խնամք և հիվանդ նորածինների վարում» թեմայով 24 կլինիկական ուղեցույցները:
Բացի այդ, հաստատվել է «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան