Հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 232.4 հազար տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 9.7%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 139.6 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 2.2%-ով` կազմելով 12 514.6 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հոկտեմբերին 15.9%-ով էլ նվազել է ձավարեղենի արտադրությունը. եթե 2015թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 767.1 տոննա ձավարեղեն, ապա 2016թ-ի հունվար-հոկտեմբերի՝ 645.1 տոննա:
Վիճակագրության համաձայն` 10 ամիսներին ավելացել է միայն մակարոնեղենի արտադրությունը, մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 662.1 տոննա մակարոնեղեն` ապահովելով 14.4 տոկոսի աճ: