Կներդրվի մարզիկների ապահովագրության համակարգ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում հասարակական խորհրդի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված երկու հարց:
Սպորտային միջազգային ֆեդերացիաների անդամ, Հայաստանի Հանրապետությունում համապատասխան սպորտային առաջնություններ անցկացնելու իրավունք ունեցող մարզական ֆեդերացիաները լիցենզավորելու անհրաժեշտության մասին հարցը ներկայացրել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Աղաջանյանը: Երկրորդ հարցը՝ «Մարզիկների բժշկական ապահովագրության անհրաժեշտության մասին», օրակարգում ներառվել է «Հայկական օնլայն լրատվամիջոցների ու լրագրողների ասոցիացիայի» լրագրող Հասմիկ Բաբայանի առաջարկությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Գ. Աղաջանյանն իր արծարծած հարցը հիմնավորել է Հայաստանում ավտոմոբիլային սպորտի մրցումների կազմակերպման միասնական չափորոշիչների անհրաժեշտությամբ, որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին և կնպաստի մարզիկների բժշկական անվտանգության ապահովմանը:
Խորհրդի անդամները, լսելով 2-րդ հարցը, համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, մշակել և ներդնել մարզիկների ապահովագրության համակարգ:
Հասարակական խորհրդի անդամները օրակարգային հարցերի վերաբերյալ կարծիքներ փոխանակելուց հետո ընդունել են որոշում՝ կազմակերպել բաց քննարկում ավտոմոբիլային սպորտը ներկայացնող բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ: Մարզիկների բժշկական ապահովագրության հարցի վերաբերյալ նույնպես, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, կկազմակերպվի քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում