Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի արարողակարգի գնումների ծախսերը գաղտնի կլինեն
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նախքան քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցանկացավ ճշտել մի հարց, որի պատասխանից էլ կախված կլինի իրենց քվեարկությունը:
«Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում տեղեկանալ ամբողջական ինֆորմացիային: Մամուլում հրապարակումներ եղան, ես էլ ուզում եմ ճշտել՝ այս օերնքի համաձայն Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի վարչական ծախսերը դառնո՞ւմ են պետական գաղտնիք և այլևս չեն լինելո՞ւ թափանցիկ»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն այդ մասին թերթում է կարդացել, տեղեկություն չունի, «նման բան Ազգային ժողովի համար չկա ու չկա»:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ օրենքը վերաբերում է արարողակարգի գնումներին, ոչ թե հաշվետվություններին:
«Խոսքը վերաբերում է արարողակարգի գնումներին, զուտ արարողակարգի, որ ռեստորանում պետք է հաց ուտեն այդ երեք մարմինների ղեկավարները, փակ է լինելու»,- ասաց նա:
Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 2 դեմ, 22 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ առաջարկներից մեկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը. «Այս առաջարակի մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»:
Ավելի ուշ քննարկվեց նաև «Գնումների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում այս նախագծում կատարվել են ուղղակի սրբագրումներ, տեխնիկական շտկումներ:
Խոսելով պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը ներառելու մասին դրույթից, նախարարն ասաց. «Այդ դրույթն ամրագրված է հոդված 15-ում: Ասեմ, որ սա նորություն չէ, միջազգային պրակտիկայում ընդունված գործընթաց է»:
«Գնումների մասին» օրենքի նախագիծն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 77 կողմ, 0 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Գնումների մասին» օրենքն էապես բարելավելու է գնման գործընթացը. նախարար
- Պատգամավորները առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին
- Նոր գործիքակազմի կիրառման դեպքում գնումների ոլորտում կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը. Վարդան Այվազյան
- Գնումների ընթացակարգը պարզեցվել է. քննարկում ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան