Պարգևատրվել են ՀՀ Նախագահի մրցանակով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, ինչպես տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայքը, տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակակիր «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների, ինչպես նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակները հանձնել է մրցութային հանձնաժողովի նախագահ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
ՀՀ Նախագահի մրցանակի համար մրցել են 8 քաղաք, 9 գյուղական համայնք և 11 մարզական բակ:
Հաղթողներ և մրցանակակիրներ են ճանաչվել.
«Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքը (1.500.000 ՀՀ դրամ դրամական պարգև), 2-րդ տեղը` Արարատի մարզի Արարատ քաղաքը (700.000 ՀՀ դրամ պարգև) և 3-րդ տեղը` Վայոց ձորի մարզի Վայք քաղաքը (500.000 ՀՀ դրամ դրամական պարգև): «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը (1.000.000 ՀՀ դրամ դրամական պարգև), 2-րդը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքը (600.000 ՀՀ դրամ դրամական պարգև) և 3-րդը` Լոռու մարզի Լեռնապատ համայնքը (400.000 ՀՀ դրամ դրամական պարգև): «Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 5-րդ շենքի հարակից մարզական բակը (1.000.000 ՀՀ դրամ դրամական պարգև), 2-րդ և 3-րդ տեղերի համար արժանի մրցանակակիրներ չեն եղել, և հետևաբար 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակները չեն շնորհվել:
Պարգևատրվել են նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթողները: Այս տարի փառատոնին մասնակցել են ՀՀ-ի 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքը: Լավագույն համայնք է ճանաչվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, 2-րդն է ճանաչվել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքը և 3-րդը՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրերով պարգևատրել են նաև փառատոնը լավագույն ձևով կազմակերպած Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Շիրակի մարզի Արթիկ, Լոռու մարզի Ալավերդի, Արարատի մարզի Արտաշատ, Տավուշի մարզի Իջևան, Գեղարքունիքի մարզի Սևան և Սյունիքի Սիսիան քաղաքներին: