Մարիա Շարապովա. «Երջանիկ եմ օգնելու Պուիգին՝ զարգացնելու թենիսը Պուերտո Ռիկոյում»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Մոնիկա Պուիգի հետ ցուցադրական խաղում 3։6, 6։1, 6։10 հաշվով կրած պարտությունից հետո շեշտել է, որ ուրախ է, քանզի օգնել է մրցակցին՝ իրականացնելու իր երազանքը։ Ավելի վաղ պուերտոռիկուհին հայտարարել է, որ ցանկանում է թենիսը մասսայական մարզաձև դարձնել իր երկրում։
«Ես հիացած եմ Պուերտո Ռիկո կատարած առաջին այցելությամբ,- Շարապովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ուրախ եմ նաև այն բանի համար, որ օգնել եմ Պուիգին՝ կազմակերպելու նման միջոցառում։ Նրա օլիմպիական պատմությունը պուերտոռիկացիներին երջանկություն ու հպարտություն է պարգևել։ Երջանիկ եմ, որ կարողացել եմ պաշտպանել նրա երազանքը՝ խաղ անցկացնելու հարազատ երկրում»։
Հիշեցնենք, որ Շարապովան վերջին անգամ կորտ է դուրս եկել 2016 թ. հունվարին։ Ռուս թենիսիստուհին այնուհետև որակազրկվել է 2 տարով՝ մելդոնի անվանվող արգելված պատրաստուկն օգտագործելու համար։ Հոկտեմբերին մարզական արբիտրաժային դատարանը կրճատել է նրա որակազրկման ժամկետը, և մարզուհին 2017 թ. ապրիլի 26-ից կարող է մասնակցել պաշտոնական մրցաշարերի։
Ավելացնենք, որ Շարապովայի որակազրկումը չի կարող տարածվել ցուցադրական խաղերի վրա։