Սկրինինգային ծրագրի շրջանակներում 6500 կնոջ մոտ հայտնաբերվել են բջջաբանական որոշ շեղումներ
Հայաստանում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման նպատակով:
Նրա խոսքերով՝ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում իրականացվել է շուրջ 860 հազար հետազոտություն, որից 430 հազարը` զարկերակային գերճնշման հայտնաբերման, 303 հազարը` արյան մեջ քաղցի գլյուկոզի: Միաժամանակ, հղիության 36-38 շաբաթական ժամկետում իրականացվել է 26. 000 մեզի և արյան երրորդ հետազոտություն:
Նշվեց նաև, որ ՊԱՊ թեստի հետազոտություն անցել է 101 հազար կին, որոնցից 6,5%-ի կամ 6500-ի մոտ հայտնաբերվել են բջջաբանական որոշ շեղումներ: Սերգեյ Խաչատրյանը ընդգծեց սկրինիգային ծրագրի կարևորությունը և հիշեցրեց, որ վաղ ախտորոշումը թույլ է տալիս ավելի արդյունավետ հայտնաբերել և բուժել հիվանդությունները: «Բոլորին կոչ ենք անում ավելի ակտիվ մասնակցել այս սկրինինգային ծրագրերին, քանի որ դրանք ուղղված են մարդկանց մոտ թաքնված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։ Ընթացիկ տարում իրենց դռներն են բացել նորակառույց 5 գյուղական բժշկական ամբուլատորիա: Ներկայումս ընթանում են Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց ավարտը ակնկալվում է 2018 թվականին:
Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: «Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը: Առաջին անգամ կիրականացվեն ոսկրածուծի փոխպատվաստումներ, բարձր դեղաչափային քիմիաթերապիա և միջազգային չափորոշիչներնին համապատասխանող այլ միջամտություններ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան