Մրցաշրջան 2016-ում լավագույնը Վաչիկ Վարդանյանն է
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն սամբիստների 10-նյակը: Ի՞նչ սկզբունքներ են գործում, ինչպե՞ս է ընտրվում ցանկը: Այս հարցին պատասխանել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
«Արդեն քանի տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է մրցաշրջանի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների անունները և դրանք դասակարգում բացառապես մարզական տարվա ընթացքում գրանցած արդյունքներով:
Մեր մարզաձևում բոլորից շատ միավոր տրվում է աշխարհի առաջնության առաջին տեղը գրաված մարզիկին, ապա՝ Եվրոպայի չեմպիոնին, այնուհետև երիտասարդների առաջնությունների հաղթողներին՝ աշխարհի և Եվրոպայի, և այսպես շարունակ: Այսինքն լավագույն տասնյակը որոշվում է բացառապես արդյունքներով և որևէ մեկի անձնական համակրանքը կամ որևէ այլ նախապատվություն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ:
Ցավոք, մրցաշրջան 2016-ում սամբոյի աշխարհի չեմպիոն չունեցանք և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վաչիկ Վարդանյանը, ով արծաթե մեդալների արժանացավ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, ինչը, համաձայնեք, բավական բարձր արդյունք է:
Նա չարժանացավ ոսկե մեդալի, բայց հատկապես տպավորիչ էր եզրափակիչ դուրս գալու համար մղված գոտեմարտը, երբ հանդիպելով բուլղարացի, ի դեպ, նույնպես աշխարհի չեմպիոն մարզիկի հետ, կարողացավ իսկապես քաջություն դրսևորել և հաղթահարել ոչ միայն բազմահազարանոց մարզադահլիճի ճնշումն ու մրցավարների բացահայտ կողմնապահությունը, այլև հաղթանակ կորզել»,- նշել է ֆեդերացիայի նախագահը:
Լևոն Հայրապետյանը տարին, ընդհանուր առմամբ, բարեհաջող է գնահատել` հատկապես շեշտելով նոր սերնդի մարզիկների հաջողությունները: Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով մեր երիտասարդական հավաքականը զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ հորիզոնականը: