Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը՝ նոր ձևաչափով
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2011թ-ից սկսած քանիցս ներկայացրել է ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան: Ֆիլհարմոնիկից տեղեկացնում են, որ այս տարի «Շելկունչիկ»-ը կներկայացվի բոլորովին նոր ձևաչափով, որը թերևս առաջինը կլինի ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում: Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կստեղծվի 3D ձևաչափի այնպիսի պատկերազարդում, որի ընթացքում եռաչափ ակնոցների միջոցով հանդիսատեսը կհայտնվի «իրական հեքիաթի աշխարհում»: Ամբողջ դահլիճն օգտագործվելու է որպես եռաչափ էկրան՝ ապահովելով դահլիճի սյուների, խորանների և զարդաքանդակների «կենդանացումն ու տրանսֆորմացիան»:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է այս ներկայացումը տարեմուտին՝ դեկտեմբերի 20-ին և 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Բեմականացման աշխատանքները կիրականացնի Սուքիաս Թորոսյանը, ողջ 3D ձևաչափի հեղինակը, իրականացնողը և պրոդյուսերը կլինի Անդրանիկ Թորոսյանը: ՀՀ ժողովրդական արտիստ բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես կգան մի քանի դրվագներում: