Արոնյանը միավորը կիսեց Անանդի հետ
Տեղի են ունեցել «London Chess Classic» շախմատի մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները, որում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: 30-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի: Տուրում միակ հաղթանակը տոնել է Հիկարու Նակամուրան: Վերջինս առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:
Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ և պահպանել առաջատարի դիրքերը: Երկրորդ հորիզոնականում ընթացող Ֆաբիանո Կարուանան նույնպես ոչ-ոքի է խաղացել Մայքլ Ադամսի հետ: Երեք անընդմեջ պարտությունից հետո Վեսելին Տոպալովը կարողացել է միավորը կիսել Անիշ Գիրիի հետ:
7-րդ տուրից հետո Ուեսլի Սոն վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարուանան կես միավոր պակաս ունի և 2-րդն է: Կրամնիկն ու Նակամուրան ունեն 4 միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Արոնյանը, Անանդն ու Գիրին վաստակել են 3,5 միավոր և 5-7-րդ տեղերում են: