Երկրաշարժից հետո մահացության ամենաբարձր ընդհանուր գործակիցը գրանցվել է 2015-ին
1988-ի երկրաշարժից հետո մահացության ամենաբարձր ընդհանուր գործակիցը գրանցվել է 2015-ին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի ժողովրդագրական ժողովածուում ներառված տվյալների համաձայն, այդ գործակիցը 88-ին եղել է 10.3, 2015-ին` 9.3: 2001 թվականից այդ գործակիցն ամեն տարի մեծանում է:
Հայաստանում մահացության առավել ցածր գործակից է գրանցվել 1963-1987 թվականների ընթացքում:
Այսպես, 2010-2015-ի ընթացքում մահվան դեպքերի առավել մեծ թիվ գրանցվել է 2011-ին` 27 963: Հաջորդող երկու տարիներին այդ թիվը փոքր ինչ նվազել է. 2012-ին` 27 599 դեպք, 2013-ին` 27 196 դեպք: 2014-ին մահվան դեպքերի թիվն ավելացել է` հասնելով 27 714-ի, իսկ 2015-ին` 27 878-ի:
2014-ին Հայաստանում մահացածներից 14 302-ը տղամարդիկ են, 13 576-ը` կանայք:
0-4 տարեկան հասակում գրանցվել է մահվան 435 դեպք, 5-9 տարեկանում` 59 դեպք: Տարիքային վերջին խմբում 2014-ի համեմատ մահվան դեպքերն ավելացել են 22-ով:
Մահվան պատճառ առավել հաճախ դառնում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` մահվան 27 878 դեպքից 12 961-ը նման հիվանդությունների հետևանք են, ապա չարորակ նորագոյացությունները` 6 069-ը: