Տնտեսագետ. Երկիրը պետք է շրջվի դեպի Արևմուտք
«Հայաստանի կառավարության գործունեության ծրագրի հիմքում դրված մոտեցումներով հնարավոր չէ ապահովել տնտեսական զարգացում: Մեզ պետք են աճի նոր ռեսուրսներ, որոնք տեսնում եմ միայն Հայաստանի՝ Եվրոպական տնտեսական տարածքի մաս կազմելու դեպքում»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա ներկայացմամբ, ՀՆԱ-ի աճը եռամսյակից եռամսյակ դանդաղել է, կրճատվել են հարկային եկամուտները, պետական բյուջեի եկամուտները, մասնավոր տրանսֆերտները, լուրջ խնդիրներ կան առևտրի, շինարարության, ներմուծման ոլորտներում, կրճատվում են օտարերկրյա ներդրումները, շարունակում է մեծանալ պետական արտաքին պարտքը, նկատվում է նաև նոր երևույթ՝ կապիտալի արտահոսք երկրից:
Այս ամենը, տնտեսագետի կարծիքով, արդյունք է տնտեսության կախյալ զարգացման:
«Բարդ իրավիճակում ենք հայտնվել 2013-ից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը դառնում է Եվրասիական միության անդամ, ինչը փաստացի կախյալ զարգացում ամրագրեց, Հայաստանին զրկեց այլընտրանքային հնարավորությունից, այսինքն՝ աճի նոր ռեսուրսներ ունենալու հնարավորությունից: Ըստ էության, կախյալ զարգացման իրավիճակն ընդունում է նաև կառավարությունը, ասում են՝ վիճակը վատ է, որովհետև Ռուսաստանում տնտեսական վիճակը վատ է, վիճակը կարող է լավանալ, որովհետև Ռուսաստանում կարող է վիճակը լավանալ»,- ասաց Ա.Եղիազարյանը:
Նա նշեց, որ այս միտումներն ու զարգացումները կշարունակվեն նաև 2017-ին:
«Բայց 2017-ը մեզ կմոտեցնի հանգուցալուծմանը, ստիպված կլինենք ընտրություն կատարել, քանի որ այս վիճակի շարունակությունն այս տեմպերով կամ կհասցնի կոլապսի, կամ երկիրը պետք է շրջվի դեպի Արևմուտք», -հավելեց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ կառավարությունը՝ տնտեսության աճի ակնկալիքները պայմանավորում է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ. «Կառավարությունն այս առումով օտարերկրյա ներդրողներին հրավիրում է Հայաստան՝ առաջարկելով նրանց, որ Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵԱՏՄ շուկաներ: Այս կոնցեպտը կեղծ է, Հայաստանն անգամ սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ, հաղորդակցում են Լարսով: Կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք վկայում են, որ այս կոնցեպտը հնարված է, հիմնավորումներ չունի: Հայաստանը փոքր շուկա է, Հայաստանն այս առումով գրավչություն չունի: Հայաստանում թույլ է զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը, բարձր է էլեկտրաէներգիայի, գազի սակագները համեմատած ԵԱՏՄ մնացած երկրների:
Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները չեն կարող լուրջ գործընկերներ դիտվել օտարերկրյա ներդրողների համար, քանի որ կախյալ են, անօգնական և խեղճ հենց ռուսական շուկայում»:
Ա.Եղիազարյանն ասաց, որ տնտեսությունում առկա խնդիների լուծման համար նախ պետք է դուրս գալ ազդեցությունից, ինչը հնարավոր է անել միայն Արևմուտքի օգնությամբ և աջակցությամբ հատկապես այն ոլորտներում, ինչպիսին են՝ էներգետիկան, տրանսպորտը, գազի, նավթամթերքների մատակարարումը, ավիաշուկան, կապը: