Ալեքսիս Սանչես. «Պայմանագրի երկարաձգումը կախված է «Արսենալից»
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը նշել է, որ պայմանագրի երկարաձգումը մեծ չափով կախված է ոչ թե իրենից, այլ ակումբից։ Նրա խոսքերով՝ իրեն ամեն բան բավարարում է։ «Զինագործների» հետ Սանչեսի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
Ավելի վաղ նշվել է, որ «Արսենալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Սանչեսին, որով չիլիացի ֆուտբոլիստը շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա, մինչդեռ 27-ամյա հարձակվողը ցանկանում է 270 հազար վաստակել։
«Իրականում շատ բան կախված է ոչ թե ինձանից, այլ ակումբից,- Սանչեսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Արդյոք ակումբը վստահո՞ւմ է ինձ։ Ես երջանիկ եմ «Արսենալում», ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, նաև անձնակազմն ու մարզիչները։ Երախտապարտ եմ ամեն ինչի համար, սակայն, կրկնում եմ, շատ բան կախված է «Արսենալից»։
Ֆանատներն ինձ դուր են գալիս։ Նրանք ամեն խաղի ժամանակ լցնում են տնային մարզադաշտը, ինչպես նաև աջակցում են մեզ մարզադաշտից դուրս։ Ես ուզում եմ հաղթել ու իմ նպատակներին այստեղ հասնել։ Ուզում եմ «Արսենալի» կազմում հաղթել առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում»։