Նախատոնական օրերին առավել հաճախ գալիս են ապագայից մթերքներ. Բաբկեն Պիպոյան
Ամանորին ընդառաջ թանկացել է գյուղմթերքը՝ միրգ, պտուղ, բանջարեղեն, մի քիչ էլ միսը,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նշեց, որ սպառողի համար մսի թանկացումը կարող է շատ թվալ, սակայն այդպես չէ:
«Օրինակ, ամբողջ տարվա ընթացքում խոզի ազդրամիսը, որն ամենաէժան հատվածներից է, գնել են 2200 դրամով: Հիմա ազդրամիսի պահանջարկը մեծացել է, քաղաքացին ձեռք է բերում 2800 դրամով: Իրեն թվում է, թե շուկայում խոզի միսը թանկացել է 30 տոկոսով: Իրականում խոզի մսի մնացած հատվածներն այդքան չեն թանկացել, կան նաև հատվածներ, որոնք ավելի էժան են վաճառվում, քան տարվա ընթացքում»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը:
Բ. Պիպոյանը նաև նշեց, որ վերամշակում անցած սննդամթերքի այն ոլորտներում, որտեղ կան դրսից խաղացողներ, այսինքն բրենդային ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում, Հայաստանը սկսում է նմանվել աշխարհի մնացած երկրներին, որտեղ Ամանորն ասոցացվում է տոների հետ և սովորաբար այդ ընթացքում զեղչեր են լինում:
«Այն ընկերությունները, որտեղ հայրենական արտադրանքը այդ բրենդային ընկերությունների հետ մրցունակ է, մարկետինգին դիմանալու համար համապատասխան զեղչեր են իրականացնում: Վերամշակում անցած սննդամթերքի մյուս ոլորտներում տարվա ընթացքում թանկացումներ եղել են, այժմ կանգնած են թանկացման պիկում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ժամկետանց սննդին, մասնավորապես կաթնամթերքին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ նախատոնական օրերին առավել հաճախ գալիս են ապագայից մթերքներ, լինում են արհեստական երկարացված պիտանելիության ժամկետներ:
«Օրինակ, պայմանական այս կամ այն ապրանքի պիտանելիության ժամկետը 10 օր է: Վրան որպես արտադրության օր նշել են հունվարի 1-ը, հետևաբար պիտանելի է մինչև հունվարի 10-ը: Բայց բոլորս էլ գիտենք, որ հունվարի 1-ին արտադրություն չի եղել:
Կամ՝ դեկտեմբերի 30-ին է արտադրվել, պիտանելիության ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին այն դեպքում, երբ պիտանելիության ժամկետը դեկտեմբերի 30-ի արտադրման դեպքում չի կարող ավարտվել հունվարի 10-ին»,- մանրամասնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան