«Օրհնյալ լինի նա, ով ինձ առաջնորդեց բեմ». Գագիկ Գինոսյան
«Գագիկ Գինոսյանը մեր մշակույթի, մեր լինելիության մաքրակրոն ապացույցն է աշխարհի առջև»,-այսօր Հովհ. Շարամբեյանի անվ. Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի 50-ամյակին նվիրված ցերեկույթի ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը:
Նրա խոսքով՝ այն աշխույժը, որն այսօր տիրում է մեր ազգագրական պարի ասպարեզում նաև «Կարին»-ին ու հրաշալի պարուսույց Գագիկ Գինոսյանի շնորհիվ է:
Նշենք, որ ցերեկույթն անակնկալ էր արվեստի գործչի համար:
«Ինձ ասացին, որ աշխատանքային հանդիպում է լինելու այստեղ ու փորձս ավարտելով շտապեցի գալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գինոսյանը, ում կարինցիները դիմավորեցին պարով:
«Այն ուսուցիչները, որոնք Աստված ինձ շնորհել է, դրանից հետո ինչ-որ կերպար չդառնալ ու ինչ-որ բանի չհասնել ուղղակի հանցագործություն և ապաշնորհություն կլիներ: Առաջին ուսուցիչս բնականաբար հայրս է եղել, իսկ ազգային մշակույթի մեջ մեծ ուսուցիչս՝ Հայրիկ Մուրադյանը, ում երջանիկ պատահականությամբ եմ հանդիպել: Հետագայում իմ «Բեմ» ստեղծագործության մեջ գրեցի այդ հանդիպման մասին «Օրհնյալ լինի նա, ով ինձ առաջնորդեց բեմ և ականջիս շշնջաց, որ նույն բարձրությունն ունեն բեմն ու խորանը»: Հայրիկը սովորեցրեց մտածել հայերեն, սովորեցրեց շարժվել հայերեն, խորհել և խոհը փոխանցել հայերեն ու լինել ինքնության կրողը: Նա ուղղակի բեկեց իմ կյանքը և ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող մարդն այնուամենայնիվ չկարողացավ հեռու մնալ ազգային մշակույթից»,-պատմեց Գինոսյանը՝ նշելով, որ այսօր էլ շարունակում է սովորել իր աշակերտներից:
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին, Վրաստանի հայաշունչ Ախալցխա քաղաքում, տոհմիկ Կարնեցու ընտանիքում։
1983 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը։
1992 թվականի օգոստոսին մահապարտների դասակի կազմում մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին:
Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ավանդական պարեր, հիմնադրել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին