Հայաստանում երեխային ծեծող հորը պատժել են 30 հազար դրամով, իսկ Հունաստանում՝ ազատազրկել 5 տարով
Հայաստանում օրերս հոր կողմից գարեջուր գնելու պահանջով ութ տարեկան երեխային ծեծի ենթարկելու դեպքը հասարակության լայն շերտերի քննադատությանն արժանացավ։ Սակայն էլ ավելի անհասկանալի էր ծեծի մեղադրանքով հոր նկատմամբ կիրառված դատարանի վճիռը՝ ոչ թե ազատազրկում, այլ ուշադրություն՝ տուգանք՝ 30 հազար դրամ։ Սա հայկական վիրտուալ հանրության շրջանում բողոքի ու դժգոհության ալիք առաջացրեց և թերևս, ավելի խորացրեց դատական համակարգի նկատմամբ անվստահությունը։ Ակտիվ քննարկվում էր, որ երեխային տանը ոչ միայն ծեծում են, այլև դատարանի որոշմամբ՝ ... «բերանից կտրում»:
Ընդ որում՝ ոչ մի երաշխիք, որ այսուհետ ընտանիքը պաշտպանված է:
Նույնիսկ կարելի է ասել՝ լրիվ անտեղի դիմեցին դատարան՝ համ դիմեցին, համ փող տվեցին, համ, ամենայն հավանականությամբ՝ ոչինչ չփոխվեց:
Կատարվածի մասին գրել էր «Առաջին լրատվականը» և տեղեկացրել, որ 34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար ու նրան առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածն էր՝ «ծեծը»։
Երեք անչափահաս երեխաների հայրը, ըստ դատական ակտի, հաճախ է վիճաբանել կնոջ հետ, հատկապես՝ ալկոհոլ օգտագործած վիճակում: Այս տարի օգոսոտոսի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Արտյոմը տանը խմիչք է օգտագործել, եղել է հարբածության վիճակում: Նա 8 տարեկան աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Սակայն աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ:
Հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ: Եվ դատարանը նրան «պատժել» է՝ տուգանելով 30 հազար դրամով։
Դատական ակտից Panorama.am-ը տեղեկանում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալն ենթակա է պատժի, իսկ պատիժ նշանակելիս դատարանը ելնում է այն իրողությունից, որ օրենքի առաջնային պահանջը պատժի արդարացիությունն է, այսինքն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի` համապատասխանի հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
«Դատարանը, միաժամանակ հավաստել է, որ նշանակվող պատժի արդարացիության հարցը լուծելիս, դատարանը ճիշտ է գնահատել գործի բոլոր հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, ամբաստանյալի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար տվյալ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար», -նշված է դատական ակտում:
Դատարանը նաև բացատրում է, թե ինչու է տուգանք նշանակել երեխային ծեծի ենարկած հոր նկատմամբ. ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, քանի որ այս հոդվածի սանկցիայով նախատեսված մյուս պատժատեսակը` կալանքը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, չի կարող նշանակվել դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց, հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ: Այսինքն՝ երեխային ծեծած հայրը չի կարող ազատարզրկվել, քանի որ խնամքին ունի անչափահաս երեխաներ։
Դատարանի կայացրած վճիռը հարցեր է առաջանում՝ ի՞նչ երաշխիքով է դատարանը երեխաների հետագա խնամքը վստահում հորը, որը ալկոհոլից կախվածություն ունի և սովոր է ծեծելուն և արդյո՞ք դա կարող է խնամք համարվել, ինչո՞ւ դատարանը չի փորձում լուծել տղամարդու բուժումը ալկոհոլիզմից։ Գուցե նա հոգեբանական աջակցության խնդիր էլ ունի։
Ի վերջո, դատարանի նման անհամաչափ պատիժն էր, որ առաջացրել էր հասարակության վրդովմունքը։
Եվ ավելին, այդ վճիռը առավել խոցելի է դառնում, երբ համեմատում ենք Հունաստանի դատարանի կողմից նույնանման դեպքով կայացված վճռի հետ. Հունաստանում դատարանը դեկտեմբերի 16-ին վճռել էր 5 տարվա ազատազրկման ենթարկել 32-ամյա մի սիրիացի փախստականի, որը ծեծի էր ենթարկել իր երեք տարեկան երեխային ու այդ մասին տեսանյութը հրապարակել համացանցում։
Ռուսական «ՌԻԱ-նովոստի»-ն վկայակոչելով հունական կայքէջերից մեկին, տեղեկացրել էր, որ տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես է հայրը լոգասենյակում ծեծի ենթարկում երեխային, բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում։ Հիոս կղզու իշխանությունները, որտեղ ապրում էր «հերոսը», դիմել են իրավապահներին, ու գործը հասել է դատարան։ Հիոս կղզում Փաստաբանների կոլեգիայի անդամներից ոչ մեկը չի ցանկացել պաշտպանել երեխային ծեծած հորը, և ստիպված են եղել դիմել Հանրային պաշտպանի օգնությանը։
Հունական դատարանը մեղմացուցիչ հանգամանքներ չի գտել սիրիացի տղամարդու արարքում, քանի որ բռնությունը վտանգ է հանդիսացել երեխայի կյանքի համար։ «Դատարանում ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և զղջալը անկեղծ չեն եղել։ Նա ավելի շատ իր մասին է մտածել, քան երեխայի», դատարանում հայտարարել է դատախազը։
Երեխան հանձնվել է Հիոս կղզու ոչ կառավարական մի կազմակերպության, որը զբաղվում է անչափահաս փախստականներով։
Երկու նույնանման դեպքեր (գոնե առերևույթ), բայց միանգամայն տարբեր լուծումներ, որոնցից մեկի դեպքում զգացվում է անտարբերություն մարդու ճակատագրի հանդեպ, իսկ մյուս դեպքում՝ հոգատարություն մարդու նկատմամբ։