Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիայի նախագահից՝ ֆուտբոլային ակումբի նախագահ
Ֆրանսիայի նախկին նախագահը կրկին կարող է նախագահ դառնալ, բայց այս անգամ՝ իր սիրելի ֆուտբոլային ակումբի՝ ՊՍԺ-ի։ Ինչպես հայտնում է isport.ua-ն, հայտնի GQ ամսագիրը տեղեկություն է տարածել այն մասին, որ 5-րդ Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին շուտով կարող է գլխավորել փարիզյան ՊՍԺ-ն։
Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբի սեփականատերը՝ քաթարյան Ալ-Տանի ընտանիքը, ցանկանում է փոխել ակումբի զարգացման վեկտորը, որի պատճառով նրա համակարգում կառուցվածքային փոփոխություններ է կատարում։ Մերձավոր Արևելքը ներկայացնող միլիարդատերերը որոշեցին հեռացնել մարզչին՝ խզելով հարաբերությունները Լորան Բլանի հետ, իսկ հիմա ճոճվում է գործող նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի աթոռը։
Սարկոզիի թեկնածությունը, չնայած անսպասելիությանը, այդուհանդերձ, անիրատեսական չի թվում։ Առաջին՝ ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի նախկին նախագահը հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու մասին՝ այն բանից հետո, երբ հասկացավ, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու դառնալու իր հնարավորությունները գրեթե զրոյական են։ Երկրորդ՝ Սարկոզին ՊՍԺ-ի ֆանատն է և հնարավորության դեպքում ներկա է լինում թիմի խաղերին։
Նշենք, որ ՊՍԺ-ն հերքում է այս տեղեկությունը, և չնայած դրան, այսօր Ալ-Հելաիֆին գտնվում է ֆրանսիական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։