Հրապարակվել է «Խավիարային դիվանագիտության» երկրորդ զեկույցը
«Արդյո՞ք կարելի է անուշադրության մատնել միջազգային նորմերը կոռուպցիայի միջոցով: Արդյո՞ք հնարավոր է միջազգային քաղաքականությունը հիմնովին վերաձևել քաղաքական գործիչների անձնական ագահության պատճառով… Եվրոպայի Խորհրդի դեպքում այս երկու հարցերի պատասխանն էլ դրական է»:
Այսպես է սկսվում «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական կենտրոնի կողմից դեկտեմբերի 17-ին հրապարակված մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը` «Եվրոպական ճահիճ» վերնագրով:
Զեկույցի հեղինակները անհերքելի փաստերի միջոցով ներկայացնում են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կառավարության կողմից կաշառակերությամբ իրենց կողմը գրաված պաշտոնյաների գործունեության մանրամասները:
«Ադրբեջանը այդ ամենին հասել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության, ինչպես նաև Եվրոպայի ամենահին ժողովրդավարություններից ընտրված ներկայացուցիչների ակտիվ աջակցության արդյունքում», - գրում են հեղինակները:
Զեկույցը մանրամասներով անդրադառնում է ԵԽԽՎ-ում իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործունեությանը, ում նկատմամբ Իտալիայում արդեն հարուցվել է քրեական գործ՝ կաշառակերության մեղադրանքով:
«Եվրոպական ճահիճ»-ի հեղինակները թվարկում են այն բոլոր նվերները, որոնք ստացել են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքական գործիչները, «մինչև անգամ այդ ներկայացուցիչների քարտուղարուհիները»՝ թանկարժեք ժամացույցներից, ոսկեղենից, համակարգիչներից մինչև «հսկայական կանխիկ գումարներ, բիզնես պայմանագրեր, արձակուրդներ և մարմնավաճառներ»:
Ըստ իտալական իրավապահների ձեռք բերած փաստերի, միայն Լուկա Վոլոնտեն ադրբեջանական աղբյուրներից 2012-14թթ ստացել է մոտ 2.4մլն եվրո կաշառք՝ տարբեր հիմնադրամների հաշվին արված փոխանցումներով:
ԵԽԽՎ-ում այս արատավոր պրակտիկան կոորդինացնում են Ադրբեջանի երկու պատգամավորներ Էլհան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամմադովը, ում լիազորությունները զեկույցի հեղինակները առաջարկում են անհապաղ կասեցնել և ԵԽԽՎ-ում նշանակել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով նոր և անկաշառ զեկուցողի,ով կշարունակի նախորդ տարիներին գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասսերի կատարած անձնվեր և անկաշառ աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան