Ռեկորդները գերազանցվեցին. «Ռեալը» շրջանցեց «Բարսելոնին», Ռոնալդուն՝ Մեսսիին
Մադրիդյան «Ռեալի» հաղթանակն աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում այդ թիմին հնարավորություն տվեց գերազանցել մի շարք ռեկորդներ։ «Ռեալը» Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 4։2 հաշվով առավելության հասավ «Կասիմա Անտլերսի» նկատմամբ, ընդ որում՝ հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, և մադրիդյան թիմին միայն լրացուցիչ ժամանակում է հաջողվել պոկել հաղթանակը։
Այս մրցանակը «Ռեալի» համար 21-րդ միջազգայինն էր պատմության մեջ, և այդ ցուցանիշով «Արքայական թիմը» շրջանցեց իր հավերժական մրցակցին՝ «Բարսելոնին», որը միջազգային 20 մրցանակ է վաստակել։
«Կասիմայի» հետ խաղն ընթացիկ մրցաշրջանում անընդմեջ 26-րդ հանդիպումն է, որում «Ռեալը» չի պարտվել։ Այսպիսով՝ Զիդանի սաներն ակումբային նոր ռեկորդ են սահմանել։ Իսկ, ընդհանուր առմամբ, «Ռեալի» անընդմեջ անպարտելի հանդիպումների շարքն արդեն հասնում է 37-ի։
Եվս մեկ անհատական մրցանակ սահմանեց Զիդանը՝ 11 ամսվա ընթացքում նվաճելով 3 մրցանակ։
Շարունակում են անձնական հաշիվներ պարզել նաև թիմերի առաջատարները՝ Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին։ Այսօր խփած 3 գոլի շնորհիվ պորտուգալացին միջազգային ասպարեզում իր ռմբարկուական հաշվեկշիռը հասցրեց 103 գոլի՝ այդ կերպ շրջանցելով Մեսսիին, որը միջազգային հանդիպումներում աչքի է ընկել 101 անգամ։