Ռոնալդուն՝ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Մադրիդյան «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» եզրափակչում 4։2 հաշվով հաղթել է «Կասիմա Անտլերսին» և դարձել աշխարհի ակումբային չեմպիոն։ Քրիշտիանու Ռոնալդուն, ով բոլորովին վերջերս է նվաճել իր կարիերայում չորրորդ «Ոսկե գնդակը», հեթ-տրիկ է ձևակերպել։ Եզրափակչում խփած 3 գոլից բացի, Ռոնալդուն գոլ է խփել նաև մեքսիկական «Ամերիկայի» հետ կիսաեզրափակչի խաղում, որն «Արքայական թիմն» իր օգտին է գրանցել 2։0 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Մրցաշարի կազմակերպիչները Ռոնալդուին պարգևատրել են ոսկե գնդակով՝ պորտուգալացուն համարելով աշխարհի ակումբային առաջնության լավագույն խաղացողը։
Արծաթե գնդակին տիրացել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ բրոնզե գնդակը բաժին է հասել ճապոնական թիմի կիսապաշտպան Գակա Սիբասակային, ով եզրափակչում 2 անգամ գրավել է «Ռեալի» դարպասը։