Վիգեն Չալդրանյանը չգիտի՝ ինչու դադարեցվեցին «Վարդապետի լռությունը» ֆիլմի գովազդները
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Հայկական ազգային կինոակադեմիան կազմակերպում են ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որը կայանալու է դեկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվելու է հեղինակի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, -լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Չալդրանյանը:
Հիշեցնենք, որ «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թ. դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ:
Վ. Չալդրանյանն ասաց, որ զարմանալիորեն ֆիլմի պրեմիերայից հետո ֆիլմի մասին գովազդները դադարեցվել են, տեղեկատվական վահանակները հանվել: Հարցին, թե ո՞վ է դադարեցրել, նա պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, քանի որ այստեղ չէի: Ես պրեմիերայից հետո գնացել էի ԱՄՆ, որտեղ կայացավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Այն նվիրվեց ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին»:
«Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանում մամուլի տեսության պատմության դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա: Սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով` հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Ֆիլմի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Կոմիտասի դերում՝ Արտո Խաչատրյանը, Վաչե Շարաֆյանը Գռաֆսերը: Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կինոն պետք է համբերի. Վիգեն Չալդրանյան
- «Վարդապետի լռություն» ֆիլմին չպետք է վերաբերել որպես կոմիտասագիտական ժառանգության մաս. կոմիտասագետ
- Վիգեն Չալդրանյան. «Վարդապետի լռություն» ֆիլմով ճեղքեցինք այսօրվա լռությունը