Հայաստանի լավագույն մարզիկի անունը հայտնի կդառնա վաղը
Դեկտեմբերի 20-ին կամփոփվի 2016 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցումը։ Քվեարկության սկիզբը դրվել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
ՀՄԼՖ-ի նախագահը շեշտեց, որ այսօր կավարտվի քվեարկությունը, վաղը կամփոփվեն արդյունքները և օրվա 2-րդ կեսին հայտնի կդառնա Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակը:
Յուրա Ալեքսանյանի խոսքերով` լավագույններին ընտրելու բարի ավանդույթը եկել է հնուց: Այն նպատակ է հետապնդում ոգեշնչել մարզիկներին, որպեսզի նրանք հաջորդ տարիներին ավելացնեն մեդալների քանակը և ավելի շատ բարձրացնեն հայկական դրոշը` միջազգային մրցահարթակում:
Քվեարկությանը մասնակցել են 7 տարի աշխատանքային փորձ ունեցող և իսկապես գործող մարզական լրագրողները: Ըստ կանոնակարգի, ցանկում ընդգրկվել են 2016 թ. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողները, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկները: