Մարմնամարզության հայ մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատվել է բավարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչ Գառնիկ Սարոյանը:
Մարզիչը ներկայացրել է հավաքականների հետ տարվող աշխատանքները` ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցություն:
«Մեր երիտասարդ մարմնամարզիկները մասնակցում են Հայաստանի մեծահասակների առաջնությանը: Դա ավելացնում է նրանց փորձառությունը և երիտասարդները հետագայում հաջողությամբ համալրում են մեծահասակների հավաքականը»,- ասել է Սարոյանը:
Մարզչի խոսքերով` 2017 թ. Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող պետական բյուջեի ավելացումը կնպաստի իրականացվելիք աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
«Նախատեսում ենք, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք երիտասարդական օլիմպիական խաղերում մենք կունենանք 2 մասնակից: Սա լավ ցուցանիշ կլինի հայկական մարմնամարզության համար»,- ասել է նա:
Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը և ավագ մարզիչը Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատել են բավարար: