Իրանի ԱԳՆ. Ադրբեջանն Իսրայելի վարչապետի այցին չպետք է համաձայնություն տար
Ադրբեջանն Իսրայելի վարչապետի այցին չպետք է համաձայնություն տար,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցին, ասել է. «Մենք ականատես ենք լինում Իսրայելի քայքայիչ գործողություններին, որի նպատակն իսլամական երկրների հարաբերություններում տարաձայնություններ առաջացնելն է»:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն այդ այցին չպետք է համաձայնություն տար. Ադրբեջանը պետք է ուշադիր լինի, որ Թել Ավիվի ծուղակը չընկնի»,-հավելել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հավելենք, որ Նեթանյահուի այցի նախօրեին Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինն իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտարարել էր, թե Իրանը չէր ակնկալում, որ Բաքուն համաձայնություն կտա Նեթանյահուի այցին: