Քաղաքագետ. ԼՂ գործընթացում տեսանելի ապագայում չենք ունենա ինչ-որ նոր զարգացումներ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ունենք նույն փակուղին, որ կար նախորդ ամիսներին: Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կունենանք ինչ-որ նոր զարգացումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո համանախագահների բոլոր փորձերը՝ արցախյան հակամարտության շփման գծում ստեղծել վստահության մեխանիզմներ, արդյունք չեն տալիս, ադրբեջանական կողմը հնարավորինս խուսափում է նման քայլերից:
Ս.Մինասյանը նշեց, որ նման պայմաններում, իհարկե, հնարավոր չէ զիջումների գնալ. «Ադրբեջանական կողմի համար այդ զիջումների գնալն ի սկզբանե ավելի դժվար է, քանի որ ընկալում են իրենց որպես պարտված կողմ և գոնե այն մինումումը, որի շուրջ կա կոնսենսուս Հայաստանում և Արցախում, այն է կարգավիճակի հետ կապված, դրան Ադրբեջանը չի կարող գնալ, հետևաբար տեսանելի ապագայում ոչ մի փոխզիջումների մասին մենք չենք կարող խոսել որպես պրակտիկ մի իրականություն»:
Քաղաքագետը միաժամանակ հավելեց, որ Հայաստանը ստանում է սպառազինության մրցավազքի նոր ալիք, որակական նոր մակարդակ, ինչը տրամաբանական է: