Ավարտվեց Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը
Դեկտեմբերի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել էին արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը։ Մասնակիցների թիվը հասնում էր 600-ի, որոնց թվում՝ 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետ։
Առաջին 2 օրը տեղի ունեցավ արագ շախմատի առաջնությունը՝ բաղկացած 11 տուրից։ 9,5 միավորով հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Ռևազանցևը։ Նույնքան միավորով 2-րդը դարձավ Մաքսիմ Մատլակովը, իսկ Ռաուֆ Մամեդովը 9 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Մեր գրոսմայստերներից Սերգեյ Մովսիսյանը 8 միավորով զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով՝ 38-րդը։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Իսկ ահա դեկտեմբերի 17-18-ը կայացավ Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը, որում խաղացվեց 26 տուր։ 22 միավորով հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Անդրեյկինը։ Ռաուֆ Մամեդովը 20,5 միավորով դարձավ 2-րդը, իսկ Սերգեյ Ժիգալկոն 19,5-ով եզրափակեց լավագույն եռյակը։ Զավեն Անդրիասյանը 19 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը 17 միավորով՝ 31-րդը։