Խոսեպ Գվարդիոլա. «Ուրախ եմ, որ գլխավորում եմ «Մանչեսթեր Սիթին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է իր ֆուտբոլիստներին «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում դրսևորած բնավորության համար։ Լոնդոնցիները հաշիվը բացել են 5-րդ րոպեին, իսկ մանչեսթերցիները 2 գոլ են խփել երկրորդ խաղակեսում։
«Առաջին խաղակեսում ես նրանց ոչինչ չասացի,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ընդմիջման ժամանակ հորդորեցի չմտածել հաշվի մասին և շարունակել խաղալ։ «Արսենալին» բախտը ժպտաց առաջին խաղակեսում։ Դա նման էր «Չելսիի» հետ հանդիպմանը։ Այն ժամանակ մենք լավ խաղացինք, բայց պարտվեցինք։ Այսօր հաղթեցինք։ Տղաները լիարժեք նվիրվում են յուրաքանչյուր խաղին։ Ուրախ եմ, որ գլխավորում եմ «Մանչեսթեր Սիթին»։
Այսօրվա խաղը մեզ դուր եկավ։ Սակայն «Արսենալի»՝ պաշտպանությունում ցուցադրած լավ խաղի պատճառով հաղթելը հեշտ չէր։ Հույս ունեմ, որ երբ մեր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները վերադառնան խաղադաշտ, ավելի շատ գոլեր կխփենք»։