Նախատեսում ենք տարեկան տնտեսել 740 միլիոն դրամ. Վահան Մարտիրոսյան
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տրանսպորտի, կապը և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: «Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: Տեղադրվել է մոտ 4,7 կմ բետոնյա ծածկ»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Տրանշ 3-ին, նախարարը նշեց, որ Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ: Անդրադառնալով Տրանշ 4-ին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:
Խոսելով Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարությունից, նախարարը հայտնեց, որ մեկնարկել է Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանա¬պարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել շուրջ 90 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը: Ծրագիրը համաֆինանսա¬վորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ:
Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ կառավարման համակարգի գործընթացի արդյունավետության արդյունքում տարեկան Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կտնտեսի 740 միլիոն դրամ: