Գրիզմանը՝ տարվա ֆուտբոլիստ Ֆրանսիայում
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է 2016 թ. ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ պարգևն ամեն տարի տրվում է «France Football»-ի կողմից։ Հաղթողը որոշվում է ժյուրիի քվեարկությամբ, որը գերազանցաբար կազմված է նախկին ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
2016 թ. Գրիզմանն իր ակումբում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ այնտեղ 11 մետրանոցների հարվածաշարում զիջելով «Ռեալին»։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի նախորդ խաղարկությունում Անտուանն անցկացրել է 13 խաղ ու խփել 7 գոլ։
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաջողությունների է հասել Եվրոպայի 2016 թ. տնային առաջնությունում, որտեղ նրա թիմը պարտվել է միայն եզրափակչում՝ 0։1 հաշվով զիջելով պորտուգալական ընտրանուն։ 25-ամյա Գրիզմանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող՝ զուգահեռաբար դառնալով նաև Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն։
Անցած մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 խաղի, խփել 32 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Եվրո-2016»-ում նա 7 խաղում հեղինակել է 6 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։