Պետրա Կվիտովային դանակահարել են
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան սեփական բնակարանում հարձակման է ենթարկվել և դանակի հարված ստացել ձախ ձեռքին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Անհայտ անձը սուտ պատճառաբանությամբ կարողացել է մտնել բնակարան: Ոստիկանության հաղորդագրության համաձայն դա պատահական հանցագործություն է եղել: Պետրայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ: Ոստիկանները փնտրում են հանցագործին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կվիտովան հրաժարվել էր մասնակցել Հոպմանի գավաթի խաղարկությանը` առողջական խնդիրների պատճառով: WTA-ի վարկանշային սանդղակում թենիսիստուհին զբաղեցնում է 11-րդ տեղը: Նա Ռիոյի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, 2011 և 2014 թթ. դարձել է «Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթող: