Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով:
Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ Նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին