Թումանյանի հեքիաթներից որոշ տեսարաններ «կենդանանալու» են
Երևանում գործող Interactive World («Ինտերակտիվ աշխարհ») ընկերությանը և Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում և մարզերում գործող կերպարվեստի դպրոցներում հայտարարել էին մրցույթ: Panorama.am-ի հետ զրույցում ընկերության գլխավոր մենեջեր Տոնիկ Տոնիկյանն ասաց, որ մրցույթի մասնակիցների առաջ կոնկրետ խնդիր է դրված եղել՝ նկարել Հ. Թումանյանի հեքիաթներից տեսարաններ, որոնց նորարարական լուծումների միջոցով պետք է տրվի շարժում 3D տեխնոլոգիաների շնորհիվ:
«Տարբեր դպրոցներից մենք ստացանք 100-ից ավելի աշխատանք: Ընտրել ենք դրանցից յոթը, որոնք անիմացիա ենք անելու: Ընդհանուր գնահատել ենք նկարչական կարողությունները, ինչքանով է համապատասխան խնդրին, ինչքանով է գեղեցիկ անիմացիա ստացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ յոթ աշխատանքը դեկտեմբերի 25-ին ցուցադրվելու են Թումանյանի թանգարանում:
Ծրագիրը, նրա խոսքով, կրում է սոցիալական բնույթ, իրակացվում է ընկերության միջոցներով: Առաջին երեք տեղը գրաված աշակերտներին տրվելու են մրցանակներ:
Տ. Տոնիկյանն ասաց, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու: