Արթուր Ղուկասյանը նշանակվել է Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր
Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ «միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է»:
«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները: Համոզված եմ, որ Օպերային թատրոնում որպես գլխավոր պրոդյուսեր նրա աշխատանքի արդյունքը կլինի այն երանելի պատկերը, որը երկար ժամանակ ուզում ենք ունենալ»,- նշել է Ա.Ամիրյանը:
Ինչին ի պատասխան Արթուր Ղուկասյանն ասել է, որ Օպերային թատրոնում կփոխվի ոչ թե կառավարման ձևաչափը, այլ այն կփորձեն առավել համահունչ դարձնել 21-րդ դարի «աշխարհում գործող առաջատար թատրոնների ոգուն»: