Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Հայաստանը կունենա ուղևորահոսքի աճի պատմական թիվ. Սերգեյ Ավետիսյան
2016 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ունեցել է ուղևորահոսքի շուրջ 15%-ի աճ, սակայն ապրիլյան դեպքերի հետևանքով գրանցվել է կտրուկ անկում: Այս մասին այսօր, ամփոփելով 2016 թվականի արդյունքները, ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ ապրիլից մինչև հունիս գրանցվել է 10%-ից ավելի անկում, իսկ հուլիս-օգոստոս ամիսներից այդ ցուցանիշը սկսել է բարելավվել, և հետագա ամիսներին արդեն եղել է շուրջ 30%-ից ավելի ուղևորահոսքերի աճ:
«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ անցել ենք 2 միլիոնի շեմը, որը շատ բարձ ցուցանիշ է, և վստահ կարող եմ ասել, որ տարեվերջին կունենանք պատմական թիվ, որը Հայաստանում վերջին անգամ գրանցվել էր 1990 թվականին», - նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Ըստ ՔԱԳՎ պետի՝ այս տարվա ընթացքում մեկնածների և ժամանածների տարբերությունը եղել է ամենափոքրը և այս պահի դրությամբ ցուցանիշը զրոյական է:
«Այսինքն՝ շուրջ 1 միլիոն մարդ մեկնել և 1 միլիոն մարդ ժամանել է, ինչը խոսում է այն մասին, որ այս տարվա ընթացքում ուղևորահոսքերի ավելացումը պայմանավորված է ներգնա ուղևորահոսքի աճով, ինչը շատ կարևոր է մեզ համար», - ընդգծեց Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ամենին նպաստել է նաև այն, որ 2016-ին շուկա են մտել մի շարք ավիափոխադրողներ:
Նա կարևորեց նաև Գյումրու Շիրակ օդանավակայանի վերագործարկումը:
Սերգեյ Ավետիսյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանը ստացել է Եվրամիության միասնական ավիացիոն գոտուն միանալու պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատ:
«Հաջորդ տարվանից կսկսվեն բանակցությունները: ԵՄ այս ձևաչափով ընդունվում ենք ԵՄ-ն միասնական մարմին, համաձայնագիր ստորագրելով լիբերալիզանում ենք մեր հարաբերությունները միանգամից ԵՄ բոլոր երկրների հետ: Բացի այդ, ստանձնելու ենք մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, ինչը նշանակում է, որ կունենանք ԵՄ միասնական ավիացիոն գոտուն անդամակցելու իրավունք, այսինքն՝ ունենում ենք 5-րդ արտոնության տրամադրում»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին