Ազգային գրապալատի միացումն Ազգային գրադարանին Տիգրան Զարգարյանը ճիշտ է համարում
Կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը միացել է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ ճիշտ որոշում է:
«Գրապալատ հասկացությունը տիպիկ խորհրդային միջավայրից է եկել: Անկախացումից հետո նախկին խորհրդային բազմաթիվ հանրապետություններում գրապալատները շատ արագ ձուլվեցին Ազգային գրադարանների հետ»,- նշեց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ այսքան տարի Հայաստանում այն շարունակել էր գործել, Տ. Զարգարյանն ասաց. «Երևի ինչ- որ տեղ իներցիա կա, անձնական կապեր կան: Բայց գտնում եմ, որ սա ճիշտ որոշում է, որովհետև այն բոլոր գործառույթները, որոնք այսօր կատարում է գրապալատը, կատարում է նաև Ազգային գրադարանը»:
Նա տեղեկացրեց, որ արդեն գրապալատի հավաքածուն տեղափոխվում է Ազգային գրադարան:
Խոսելով Ազգային գրադարանի հավաքածուի թվայնացման մասին, Տ. Զարգարյանն ասաց, որ արդեն թվայնացրել են 2 միլիոն էջ մամուլ, 6700 անուն գիրք:
«Հայ ազգը Հակոբ Մեղապարտից սկսած մինչ մեր օրերը տպագրել է 126 հազար անուն գիրք: Միավորների առումով շատ են: Մենք արդեն թվայնացրել ենք գրքերի 7 տոկոսը»,- տեղեկացրեց նա:
Ազգային գրադարանի տնօրենի խոսքով՝ ակտիվ համագործակցում են արտասահմանյան տարբեր գրադարանների հետ. «Կան հայերեն գրքեր, որոնք Հայաստանում երբեք չեն եղել: Այդ գրադարանների կողմից թվայնացման արդյունքում այդ գրքերը հասանելի են դառնում նա մեզ»:
Ինչ վերաբերում է Գրատպության թանգարանին Տ. Զարգարյանն ասաց, որ այն արդեն գործում է, սակայն պաշտոնական բացումը կլինի հաջորդ տարվա ընթացքում:
«Եզակի նմուշներ ունենք: Օրինակ, ասում ենք, որ ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան հայտնաբերել է Գութենբերգը: Դա Եվրոպայում: Սակայն նրանից 70 տարի առաջ՝ 1377 թվականին, Հարավային Կորեայում վանականները տպագրել են գիրք: Դրա նմուշը մենք ցուցադրում ենք մեր թանգարանում: Ունենք նաև չինական փայտափորագիր տպագրության տախտակներ»,- ասաց Տ.Զարգարյանը:
Նա նաև նշեց, որ Գրատպության թանգարանում ցուցադրված է այս տարի աճուրդներից մեկից ձեռք բերված հմայիլ, որը Պոլսում է ստեղծվել 1664 թվականին: Միաժամանակ Ազգային գրադարանի տնօրենը նշեց, որ Փարիզում կազմակերպված աճուրդում 1600-ական թվականների երկու հնատիպ հայկական գրքեր էին վաճառվում, որոնք բավականին թանկ էին և չկարողացել ձեռք բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան