«Մխիթարյանն այն խաղաքարն է, որը պակասում էր Մոուրինյոյի շախմատային տախտակին»
Հայտնի «Eurosport» կայքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով, թե ինչով է նա համապատասխանում մանկունյանցիների թիմին:
Կայքը գրում է, որ ի տարբերություն Լինգարդի, Հենրիխ Մխիթարյանը հիանալի է տեսնում այն գոտիները, որոնք թողնում է Զլատան Իբրահիմովիչը: Ալգորիթմն այսպիսի տեսք ունի. Իբրան հեռանում է դաշտի խորքը, իր հետ տանում է պաշտպանին, Հենրիխը հասկանում է թիմակցի հնարքն ու օգտագործում է ստեղծված ազատ տարածությունը: Մրցակիցը չի հասկանում` գնալ Իբրայի հետևից, թե՞ փակել Միկիին:
«Ինչ վերաբերում է Մատային, ապա նա ծանրաբեռնում է կենտրոնը, սակայն դրանում ոչ մի յուրահատուկ բան չկա: Եզրից շարժվելով կենտրոն` Մխիթարյանը ոչ միայն թվային առավելություն է ստեղծում, այլև վերադարձնում է Իբրահիմովիչի պարտքը: Եթե Հենրիխի քայլին արձագանքում է կենտրոնական պաշտպանը, ապա Զլատանը բացվում է դեպի տուգանային գոտի:
Մխիթարյանի տեղափոխությունը կենտրոնում փակուղու առաջ է կանգնեցնում ոչ միայն մրցակցի պաշտպանության օղակը, այլև կիսապաշտպանական գոտին: Հենրիխը կիսապաշտպաններին վատ դրության մեջ է դնում` հետապնդել Էրերային ու Պոգբային, թե՞ հսկել իրեն:
Բացի հարձակողական գործողություններից, Մխիթարյանը հիանալի է նաև առանց գնդակի: Նա կարողանում է փայլուն պաշտպանվել տարբեր գոտիներում, ինչը նաև հակագրոհներ կազմակերպելու լավ հնարավորություն է ընձեռում: Մխիթարյանը Մոուրինյոյին հիանալի մարտավարություն է թելադրում:
Յուրգեն Կլոպն իր 2 տարի առաջ թողարկված գրքում հիանալի բացատրել է, թե ինչով է խաղընկերներից տարբերվում Մխիթարյանը: Կլոպը գրել է. «Կարծում եմ, պատահական չէ, որ Հայաստանում են հանդես գալիս լավագույն շախմատիստները: Ինչպես Մխիթարյանը, նրանք աշխատասեր են, ուժեղ և աշխատում են իրենք իրենց վրա»:
Մոուրինյոյին քիչ ժամանակ չպահանջվեց այս ամենը հասկանալու և Հենրիխին հիմնական կազմում ընդգրկելու համար: Կարևորը Ժոզեն հասկացավ իր սխալը»: