Մեր երկրում ստիպողաբար ոչինչ չի արվում. Արման Սահակյանը՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունները ստիպեն գնել Դիլիջանի ուսումնական կենտրոնը՝ նշեց, որ մեր երկրում ստիպողաբար ոչինչ չի արվում, քաղաքական նման որոշում չկա:
«Ուսումնական կենտրոնի հետ կապված բոլոր տարբերակները մեզ համար քննարկելի են՝ և վարձակալությունը, և հավատարմագրային կառավարումը և գույքի օտարումը: Վստահեցնում եմ, որ բոլոր դեպքերում մինչ լուծում ստանալը պետությունը որևէ լումա չի կորցնի, պետությունն այդ գործարքից չի տուժի երբևէ»,- ասաց Արման Սահակյանը՝ հավելելով, որ գնորդ, վարձակալող այս պահին չկա:
Անդրադառնալով կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի գործընթացին, Վարչության պետը նշեց, որ առաջին անգամ շենքը հանել են աճուրդի, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել աճուրդին:
«Սակայն 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չկայացավ, քանի որ գնորդ չկա այս պահին»,- ընդգծեց Արման Սահակյանը:
Ըստ նրա՝ շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն լինի:
«Ցանկալի է, որ Հանրապետության հրապարակը վերածվի զբոսաշրջային կենտրոնի, և լավ կլինի, որ ապագա գնորդները նախարարության շենքի տեղում առաջարկեն հյուրանոցային համալիր կառուցելու ծրագիր»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո Կառավարության շենքը վաճառքի հանվի, Արման Սահակյանը պատասխանեց. «Ես, համենայնդեպս, չեմ բացառում»:
Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարարությանը, Վարչության պետն ասաց՝ պայմանագրում նշել են, որ «Տանգո» ընկերությունն այդտեղ պետք է կառուցի համաշխարհային բրենդ ունեցող 5 աստղանի հյուրանոց: Եթե ընկերության կողմից կլինեն այլ առաջարկներ, ապա դրանք, ըստ նրա, կքննարկեն:
Արման Սահակյանն անդրադարձավ նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը. «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես պատրաստ եմ ռեյթինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին