Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
Չնայած ամիսներ առաջ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանում հնչած սպառնալիքներին, թե ՒԻՀ նախագահի՝ Հայաստան այցելության դեպքում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իսրայել, այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
«Այցը պատմական է, քանի որ սպասվում է Իրան-Հայաստան հարաբերություններում համագործակցության սկիզբ արդեն նոր ոլորտներում, մասնավորապես, խոսքը գնում է անվտանգության ոլորտի մասին», - Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Այս տարածաշրջանում Իրանը և Հայաստանը միմյանց համար ունեն հավասար ռազմավարական նշանակություն, քանի որ Հայաստանն իրականացնում է Իրանի հյուսիսային հատվածները պանթյուրքիստական հոսանքների ներթափանցումից պաշտպանող գործառույթ՝ պարպելով ԱՀ ռազմական և տեղեկատվական ռեսուրսները, իսկ Իրանն էլ իր հերթին անվտանգ է պահում Հայաստանը Մերձավոր Արևելքից փչող վտանգներից և ահաբեկչական քամիներից», - ասաց նա:
Ըստ իրանագետի՝ Հասան Ռոհանիի այցը Հայաստան համընկել է մի շրջանի հետ, երբ Ադրբեջանը թիկունքից նոր հարված է հասցրել Իրանին՝ Բաքվում հյուրընկալելով ԻԻՀ ոխերիմ թշնամի համարվող Իսրայելի վարչապետին և մտնելով Իսրայելի հետ նոր ռազմական համագործակցության մեջ, որն ուղղված է նաև Իրանի դեմ:
Տոնոյանի խոսքերով՝ Իրանում համարում են, որ Իսրայելի ռազմական ներկայությունը Ադրբեջանում անթույլատրելի է, և ԼՂ հակամարտության պատրվակով Ադրբեջանում հայտնվող իսրայելական ցանկացած զենք դիտարկում են Իրանի դեմ դրանց կիրառելիության հնարավորության համատեքստում:
«Հետևաբար, Հ. Ռուհանիի այցը Երևան այսօր, երբ ընդամենն օրեր առաջ Իսրայելի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել մի շարք նոր ոլորտներում համագործակցության սերտացում Բաքվում Իսրայելի վարչապետի անմիջական ներկայությամբ, պատմական բացառիկ հնարավորություն է մեզ համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունն ավելի ընդգծելու և Իրանի հետ համատեղ տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված երկկողմ սերտ համագործակցությունների նոր փաթեթի ստեղծման համար», - եզրափակեց իրանագետ Ա. Տոնոյանը: