Հայաստանի և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը
Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն:
ՀՀ նախագահի և ԻԻՀ նախագահի համատեղ հայտարարությունը
Երևան, դեկտեմբերի 21, 2016թ.
Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:
Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:
Նախագահները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:
Կողմերը կարևորեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա:
Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման:
Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը:
Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:
Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ:
Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
- Ստորագրվելիք փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահ. Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության ծավալների աճի համար
- Իրանի նախագահ. ԼՂ հակամարտության խնդիրը ռազմական լուծում չունի
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
- Իրանի նախագահը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան