Ջեյմս Ռոդրիգեսը մեկնել է Կոլումբիա՝ բրիտանական վիզա ձևակերպելու համար
«Ռեալի» կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսը մեկնել է Կոլումբիա, որպեսզի Անգլիա մեկնելու ու աշխատելու թույլտվություն ստանա։
Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո Ռոդրիգեսը մեկնել է հայրենիք՝ տոներն ընտանիքի հետ նշելու համար։ Սակայն, ըստ տեղի ԶԼՄ-ների, դա ֆուտբոլիստի՝ Կոլումբիա մեկնելու միակ պատճառը չէ։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն՝ հենվելով կոլումբիական աղբյուրների վրա, 25-ամյա ֆուտբոլիստը հայրենիքում պատրաստվում է վիզա ձևակերպել, որը նրան հնարավորություն կտա խաղալ Բրիտանիայում։
Ավելի վաղ ինքը՝ Ռոդրիգեսը, չի բացառել, որ կարող է հունվարին հեռանալ «Արքայական թիմից»։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այն փաստը, որ «Ռեալը» չի կարող նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրել մինչև ամառ, դժվար թե ակումբը ցանկանա բաց թողնել նրան։
Եթե ոչ ձմռանը, ամռանը Ռոդրիգեսը հաստատ կցանկանա հեռանալ մադրիդյան թիմից, ուստի փաստաթղթերն է պատրաստում, որպեսզի չձգձգի տեղափոխության գործընթացը։
Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսը մասնակցել է 16 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ «Transfermarkt»-ը նրա տրանսֆերը գնահատում է 70 մլն եվրո։