Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան
Հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման նպատակով Երևանում այսօր տեղի ունեցավ «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում:
Համաժողովին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորեց Իրանի և Հայաստանի գործարար հատվածի միջև կապերի ամրապնդումը: Նրա խոսքերով՝ նման համաժողովներն ու ցուցահանդեսները կարևոր հարթակ են, որը համախմբում է պետական և գործարար հատվածի ներկայացուցիչներին ու նրանց հնարավորություն ընձեռում քննարկելու առկա հիմնախնդրները, մշակելու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և գտնելու համագործակցության նոր ոլորտներ:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր երկու երկրների տնտեսական ներուժն ամբողջովին օգտագործված չէ: «Ավելի ստույգ և անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ ներուժի չնչին մասն է օգտագործվում»,-ասաց Նախագահը՝ հավելելով, որ անհրաժեշտ են առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք էներգետիկայի ոլորտում:
Նախագահ Սարգսյանը հայտնեց, որ Իրանի նախագահին խնդրել է խրախուսել իրանցի գործարարներին, որպեսզի Հայաստանում որևէ բիզնես ձեռնարկեն, բացի այդ, Նախագահը խոստանում է խրախուսել հայ գործարարներին նույնը անել Իրանում և անձնական հսկողության տակ կվերցնի այն բոլոր գործերը, որոնք իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրների տնտեսությունների համար», - նշեց նախագահը՝ ավելացնելով, որ իրանցի շատ գործարարներ վաղուց արդեն հաջող գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն հուսով է, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի դեռևս չօգտագործված ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:
«Հարգելի գործարարներ, այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարությամբ զբաղվելու համար: Թեև Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է, հենց դրա համար շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան