Հոգեբույժները Հովհաննես Հարությունյանին ինչ-որ դեղեր են ներարկել, և նա այժմ ոչ ադեկվատ վիճակում է. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը արդեն մի քանի անգամ է՝ այցելությունների ժամանակ իր պաշտպանյալի վարքագծում տարօրինակություններ է նկատում:
«Նա, կարծես, հիպնոսի տակ լիներ, ինչ-որ դեղերի ազդեցության տակ, շոկի մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց փաստաբան Սարգսյանը:
Նա ներկայացրեց, որ դեկտեմբերի 9-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալին այցելության ժամանակ նա քնած է եղել:
«Ասացին, որ հոգեբույժներ են այցելել ու ինչ-որ հանգստացնող դեղեր են ներարկել: Բայց ես զարմացա, որովհետև հինգ ամիս չեմ նկատել, որ նա դեղերի կամ հոգեբույժների կարիք ունենար: Քնած էր, չկարողացա խոսել իր հետ»,- փոխանցեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քնած է եղել նաև դեկտեմբերի 10-ին ու նրանց հանդիպումը չի կայացել:
Նրանք հանդիպել են դեկտեմբերի 11-ին, բայց Հովհաննեսը դարձյալ փաստաբանի տպավորությամբ, եղել է «հիպնոսի տակ, ոչ ադեկվատ վիճակում»:
«Շատ էի զարմացել, շատ», -ասաց Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ Հովհաննեսը այնքան է եղել դեղերի ազդեցության տակ, որ կարողացել է վիրավոր ոտքով «արագ արագ, կաղալով քայլել առանց հենակների»:
Դեկտեմբերի 12-ին արդեն Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով բողոք-նամակներով դիմել է համապատասխան պատկան կառույցներին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմին, սակայն մինչ օրս ՔԿՀ-ի վարչակազմը պատասխան չի տվել:
Ավելին, փաստաբանի խոսքով, դիմել է քրեակատարողական հիմնարկի ծառայությանը, որպեսզի հնարավորություն տան Հովհաննես Հարությունյանը հանդիպի նաև հոգեբանի հետ:
«Եթե թույլ է տրվել, որ հոգեբույժներ գան, ներարկումներ կատարեն, ապա ինչո՞ւ չպետք է նրան տեսակցեր նաև հոգեբանը, հասկանար նրա հոգեվիճակը: Դիմում ներկայացրեցի, որպեսզի մեր առաջարկած հոգեբանը զննի Հովհաննեսին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել», -ներկայացրեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերջին հինգ ամիսների ընթացքում երբեք նրան հոգեբույժներ չեն մոտեցել:
Դեկտեմբերի 7-ին փաստաբանի խոսքով, Վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հովհաննես Հարությունյանի կալանքի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, և հակառակ Հովհաննեսի ցանկության, դատարանը նրա ներկայությունը չէր ապահովել նիստում:
«Դրանից առաջ առաջին ատյանի դատարանում Հովհաննեսը հայտարարել էր, որ իրեն վերաբերվում են այնպես, ինչպես Ադրբեջանում վերաբերվում են պատանդի հետ: Նա շատ մեծ անհամբերությամբ սպասում էր այդ Վերանքնիչ դատարանում նշանակված նիստին, սակայն այդպես էլ ներկա չգտնվեց: Շատ անհասկանալի իրավիճակ է», -նկատեց փաստաբանը: Ավելին փաստաբանը կասկածներ ունի, որ Հովհաննեսը բռնության է ենթարկվել:
Այդ պատճառով էլ նա դեկտեմբերի 12-ին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված հանցագործության մասին: «Միջնորդել եմ դատաբժիշկը զննի, բայց մինչ օրս ՀՔԾ-ից որևէ արձագանք չկա: Չեն արձագանքում նաև արդարադատության ու առողջապահության նախարարությունները, քրեակատարողական վարչությունը նույնպես», -հավելեց նա:
Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց իր պաշտպանյալն է նման իրավիճակում հայտնվում՝ նախ հայտարարվեց, որ Հովհաննեսի ոտքն է սևացել, հիմա էլ հայտարարվում է, որ նրան ներարկումներ են անում հոգեբույժները, Սարգսյանը պատասխանեց.
«Գիտեք, արդեն մի քանի ամիս է փորձում ենք այդ հարցի պատասխանը գտնել, թե ինչո՞ւ հենց Հովհաննես Հարությունյանի հետ է նման բաներ կատարվում: Ես փորձում եմ հասկանալ, բայց մինչև հիմա պարզ չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Կոնսիլիումը եզրակացրել է, որ Հովհաննես Հարությունյանին վիրահատելու կարիք այս պահին չկա
- Հովհաննես Հարությունյանը գործիքային հետազոտության է ենթարկվել
- ԱՆ գլխավոր վնասվածքաբանն այցելել է «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին
- ԱՆ-ն խոստացել է, որ Հովհաննես Հարությունյանի վիճակի վերաբերյալ կոնսիլիում կկազմակերպվի
- Քաղաքացիները Հովհաննես Հարությունյանի հարցով պահանջներ են ներկայացրել իրավասու մարմիններին
- Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի. Բժիշկը՝ Փաշինյանին