Միրա Անտոնյան. Երեխաների բռնության շատ դեպքեր լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս
Երեխաներին դաստիարակելիս հայաստանցի ծնողների 40 տոկոսը որպես մեթոդ կիրառում է ֆիզիկական բռնությունը: Նման եզրակացության են եկել Երեխաների պաշտպանության ցանցի մասնագետները 10 հազար ծնողների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում:
«Սա մեզ համար այնքան էլ նոր փաստ չէր, քանի որ դեռ 2010-ին անցկացրած հետազոտության արդյունքում նույն արդյունքներն էին ստացվել: Տարիների ընթացքում դրական առումով ոչինչ չի փոխվել: Խնդրի լուծման ուղղությամբ ջանքեր էլ չեն իրականացվում»,-ասաց ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը՝ «Մեդիա կենտրոնում» «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով, Հայաստանում չկան ճշգրիտ տվյալներ երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ:
«Եթե ոստիկանությունն է գրանցում կամ որևէ այլ կազմակերպություն, ապա խոսքը վերաբերում է բացահայտված ու ընթացք տրված դեպքերին: Շատ դեպքեր հայտնի չեն դառնում, դրանք լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս»,-ասաց նա:
Տարիներ շարունակ առկա խնդիրը, ցանցի նախագահի խոսքով, նշանակում է, որ մենք ազգային համաձայնության չենք եկել մի հարցի շուրջ՝ ընտանեկան բռնությունները որքանո՞վ են հասարակական հոգածության առարկա:
«Հասարակությունը պի՞տի դրան արձագանքի, թե՞ ոչ: Հայաստանում նման համաձայնության չենք եկել, ավելին, այսօր հասարակական կարծիքը բաժանված է երկու ծայրահեղ բևեռների»,-ասաց Անտոնյանը:
Նրա խոսքով, եթե սենսացիոն դեպքերը չլինեն, ապա ոչ ոք չի էլ խոսի երեխաների բռնությունների մասին:
«Մենք վկայակոչում ենք ավանդական հայկական ընտանիքը, նշում, որ բռնությունը պետք է մնա ընտանիքի պատերի ներսում: Հին ժամանակներում կանայք ծննդաբերում էին տանը, տատմոր օգնությամբ: Բայց երբ բժշկական ծառայությունները զարգացան, հետագայում տարօրինակ դարձավ տատմոր օգնությամբ երեխա ունենալը»,-համեմատություն ներկայացրեց Անտոնյանը:
Նա հիշեցրեց, որ այս անցումը հեշտ չի եղել, պետությունը մտածում էր գայթակղիչ մեթոդներ կիրառել, որ հիվանդանոցներում երեխա ունենալը նորմ դառնար:
«Այնպես որ հասարակությունը մշտապես փոփոխությունների մեջ է: Եթե ծնողների վարքը երեխաների նկատմամբ մենք համարում ենք ներընտանեկան խնդիր և չենք ցանկանում ոչ ադմինստրատիվ, այլ աջակցող մեթոդներով միջամտել, ապա 100 տարի հետո էլ ենք խոսելու նույն խնդրի մասին: Այս պահին մեր չմիջամտելը, չաջակցելը, հավատացեք ապակառուցողական նշանակություն ունի»,-ասաց Անտոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխաների սպանության դեպքի առթիվ
- Քննչական կոմիտե. Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում
- Հայաստանում երեխային ծեծող հորը պատժել են 30 հազար դրամով, իսկ Հունաստանում՝ ազատազրկել 5 տարով
- Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործման հետ կապված ՀՀ-ում կան բացթողումներ. Հայկ Խեմչյան
- Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են
- ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս