Այս տարի Հայաստան են ներմուծվել կոնյակի հումքի որակի վերահսկողության հատուկ սարքավորումներ. Ա. Նիկոյան
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ տեղեկացրեց, որ 2016 թվականին հանրապետությունում նմուշառվել է մոտ 6 հազար տեսակի մշակաբույս, այնուհետև ներկայացվել բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության:
«Ստացվելիք բոլոր հաշվետվությունների արդյունքները մինչև 2017 թվականի փետրվարի սկիզբը պետք է ուղարկվեն առևտրային գործընկեր երկրներին, որպեսզի արգելանք չդրվի մեր երկրից արտահանվող պտուղ-բանաջեղենի վրա»,-ասաց նա:
Արթուր Նիկոյանն առանձնացրեց հայկական կոնյակի վարկանիշի բարձրացմանը վերաբերող այս տարվա աշխատանքները. «Այս տարի Հայաստան են ներմուծվել կոնյակի հումքի որակի վերահսկողության հատուկ սարքավորումներ: Որոշվել է ստեղծել յուրահատուկ սորտերի իզոտոպային բանկ: Հետազոտվել են 20300 տնտեսվարողներիn պատկանող 10700 հա խաղողի այգիներ՝ ըստ սորտերի: Նախատեսվում է, որ 2017 թվականին խաղողի հասունացման շրջանում մենք կկատարենք նմուշառում բերքից, ըստ սորտերի կպատրաստենք խաղողի գինենյութ և այն կներմուծենք իզոտոպային բանկ»:
Նրա խոսքով՝ ծառայությունն ակտիվ համագործակցում է ԵԱՏՄ երկրների հետ. «Գիտենք, որ ԵԱՏՄ-ն, որպես միավորում երիտասարդ է, և շատ իրավական ակտեր նոր են ընդունվում, կազմվում են նախագծեր, իրավական ակտեր: Մենք ակտիվ մասնակցել ենք դրանց և շատ առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք բխում են մեր երկրի տնտեսական շահերից ու սանիտարական անվտանգությունից»:
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Սննդամթերք տեղափոխող բոլոր ավտոմեքենաներն այսուհետ պետք է պարտադիր կարգով սանիտարական անձնագիր ունենան. Վ. Դանիելյան