ՀՀ նախագահ. Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության ծավալների աճի համար
Հայաստանի ու Իրանի նախագահներն այսօր Երևանում կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններին մտքեր են փոխանակել Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ: ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ ծրագրի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից:
«Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»,- նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ասաց, որ բանակցություններին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ, կարևորել են համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռնում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցմամբ:
Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակվում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը:
«Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունից, անդրադարձանք Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ շարունակում են աշխատանքները երկու երկրների տնտեսվարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ:
«Այս համատեքստում ուզում եմ ընդգծել մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը»,- ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահ. ԼՂ հակամարտության խնդիրը ռազմական լուծում չունի
- Սերժ Սարգսյան. Բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Չի եղել մի հանգամանք, որ մթագնի հայ-իրանական հարաբերությունները
- Հասան Ռոհանի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային
- Իրանի նախագահը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան