Առաջին անգամ Վատիկանի թանգարանների տնօրեն է նշանակվել կին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի թանգարանների տնօրեն է նշանակել պրոֆեսոր Բարբարա Յատտային: ՏԱՍՍ-ը, հղում անելով Սուրբ Աթոռին, գրում է, որ պատմության մեջ առաջին անգամ այս պաշտոնը զբաղեցնում է կին:
Իտալացի հայտնի արվեստաբան և պատմաբան Յատտան 2017 թ. հունվարի 1-ից փոխարինելու է ներկայիս տնօրեն Անտոնիա Պաոլուչչիին, ով եղել է Իտալիայի նախկին մշակույթի նախարարը: Նա Վատիկանի թանգարանների տնօրենն է 2007 թվականից: Յատտան եղել է Պաոլուչչիի տեղակալը:
Վատիկանի թանգարանները հիմնադրվել են 16-րդ դարի սկզբին Հուլիոս 2-րդ պապի կողմից: Այժմ թանգարանների համալիրում հաշվարկվում է 54 պատկերասրահ: Վատիկանի թանգարաններում կա շուրջ 30 հազար ցուցանմուշ, ևս 120 հազարը գտնվում են պահեստներում:
Ամեն տարի թանգարաններն ունենում են միլիոնավոր այցելուներ: Վատիկանի թանգարաններն աշխարհում 5-րդ է ամենաշատ այցելու ունեցող թանգարանների ցանկում: