ԳԱԱ-ում ամփոփվեց աստղագիտական տարին
Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակն այս տարի նշվեց բազմաթիվ միջոցառումներով,գիտական ճամբարներով ու միջազգային գիտաժողովներով, ինչպես նաև Հայաստանի՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալով:
Աստղագիտական տարին ամփոփելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը տարվա ձեռքբերումներից առանձնացրեց 2.6 մետրանոց աստղադիտակի վերանորոգումը, որը տարածաշրջանում ամենախոշորն է համարվում:
«Հոբելյանական տարվա շրջանակներում կարգի է բերվել նաև աստղադիտարանի շենքն ու մեկ մետրանոց աստղադիտակը: Այսօր աստղադիտարանը՝ որպես գիտակրթական կենտրոն կատարում է իր ամբողջական դերը»,-ասաց աստղադիտարանի տնօրենը:
Նշենք, որ 70-ամյակի շրջանակում Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերին անցկացված «Անկայուն Տիեզերք, էներգետիկ պաշարներ, ակտիվության երևույթներ և էվոլուցիայի գործընթացներ» թեմայով միջազգային գիտաժողովին 70 գիտնականներ են մասնակցել աշխարհի տարբեր ծայրերից:
Տարվա համագործակցություններից տնօերնն առանձնացրեց Իրանի հետ համագործակցությունը, ինչը նրա խոսքով զարգանալու հեռանկարներ ունի:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը մտահոգություն հայտնեց, որ ձեռքբերումների հետ միասին, դեռ կան չլուծված բավականին խնդիրներ:
«Միջազգային խոշոր ծրագրերի մասնակցության ու երիտասարդ աստղագետների պակաս կա, ինչպես նաև գիտության թիմերի ֆինանսավորման: Անհրաժեշտ է նաև ավելացնել աստղագիտական հեռուստահողրդումներն ու համացանցային էջերը»,-մանրամասնեց նա:
Աստղագիտական տարին ամփոփվեց 2017թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցի ներկայացմամբ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) երիտասարդ աստղագետների Երվանդ Թերզյանի անվան մրցանակի և Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի հանձմամբ, ինչպես նաև «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդ գիտնականների կոնֆերանսի նյութերի ժողովածուի շնորհանդեսով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն