Արա Պողոսյան. «Այս 2 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել»
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն ամփոփել է 2016 թ. և նշել, որ ահռելի աշխատանք է կատարվել և որ հաջորդ տարի բասկետբոլի հավաքականների թիվը կավելանա երկուսով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Տարին բարձր եմ գնահատում: Շատ հեռուն պետք չէ նայել: Եթե երկու տարի հետ գնանք, ապա կհասկանանք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել: Երկու տարի առաջ գրեթե թիմ չունեինք, իսկ այս տարի առաջին անգամ Հայաստանը 4 տարբեր հավաքականներով` մեծահասակների, 20 և 16 տարեկան տղաների ու 18 տարեկան աղջիկների թիմերով մասնակցեց Եվրոպայի ստուգատեսներին:
Ազգային հավաքականը հաղթեց, փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, աղջիկների մինչև 18 տարեկանների ընտրանին ոսկե մեդալ նվաճեց C դիվիզիոնում: Իսկ մյուս տարվա համար արդեն հայտ ենք ներկայացրել, մասնակցելու 6 հավաքականով: Կավելանան 18 տարեկան տղաների և 16 տարեկան աղջիկների հավաքականները:
Հայաստանի հավաքականները պետք է ներկայացնեն ամբողջ հայությունը: Հենց այս գաղափարախոսությունից ելնելով` սկսեցինք հավաքականներ կազմավորել: Մեր 16 տարեկանների հավաքականում ընդգրկված էին, բացառապես հայաստանցի բասկետբոլիստներ:
18 տարեկան աղջիկների հավաքականում միայն չորսն էին արտերկրից, մյուս 8-ը Հայաստանից էին: Մենք շատ խոստումնալից բասկետբոլիստներ ունենք: Կան մոտ 20 մարզիկներ, որոնցից մարզիչը պետք է ընտրություն կատարի»,- ասել է Պողոսյանը: