Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Արման Մկրտումյանի անվան հետ կապված ՄԻԵԴ վճիռը
Արդարադատության նախարարության իրավասու վարչությունը ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում նշվում էր նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին:
«Իրավասու վարչությունն ուսումնասիրում է այդ գործում առկա բոլոր հանգամանքները և եթե որոշակի քայլեր լինեն դրա մասին կիմանաք», - ասաց նախարարը:
Նա հստակեցրեց, որ Արդարադատության նախարարը իրավունք չունի Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել Արդարադատության խորհրդին, ինչպես մյուս դատավորների դեպքում է:
«Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, դուք որոշեք, արդարադատության նախարարը իրավունք չունի Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել Արդարադատության խորհրդին», -ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման իրավասություն ունի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու, այդուհանդերձ չեն պատժվում դատավորները, որոնց կայացրած վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սխալ են դուրս գալիս, և Հայաստանը ստիպված է լինում հսկայական գումարներ փոխհատուցել: Ի պատասխան տիկին Հովհաննիսյանը նկատեց, որ հայաստանյան օրենսդրությամբ կան մեխանիզմներ դատավորին պահանջել գումարը, եթե դատավճռով ապացուցվել է դատավորի մեղքը:
«Եթե դատավորի սխալը ապացուցված է դատավճռով, ապա որևէ խնդիր չկա, հիմա էլ կա այդ մեխանիզմը՝ եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, ապա Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ քաղաքացու վնասը կհատուցի, հետո հետադարձ պահանջով դատավորից կպահանջի գումարը: Քաղաքացիական օրենսգրքով այդ մեխանիզմը կա, բայց արդյո՞ք յուրաքանչյուր կոնկրետ դեպքով պետք է դատավորից ուզել փոխհատուցում: Աշխարհի տարբեր երկրներ այդ հարցին պատասխանում են միանշանակ՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև սա դատավորի անկախության համար մեծ նշանակություն ունի: Սա դառնում է գործադիր իշխանության լծակն ու մահակը դատավորի վրա», -հավելեց նախարարը:
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Հովհաննիսյանը ոլորտի բարեփոխումը: Նախարարն ասաց, որ Սահմանադրությունը նոր հնարավորություններ է ընձեռել, և նոր Դատական օրենսգիրք է մշակվում ու դատավորի ընտրության խիստ պահանջենր են դրվելու:
«Դատական օրենսգրքում պետք է լինեն դատավորի նշանակման ու գործունեության համար այնպիսի երաշխիքներ, որ դատավորը մտավախություն, մտահոգություն չունենա վերադասության կարգով ցանկացած դեպքում իր օրինական ակտը բեկանելու համար, դատավորի գնահատումը պետք է լինի օբյեկտիվ: Քայլերի հաջորդականությունը պատկերացնում ենք, մենթատլիտետի խնդիր ունենք, ընկալման խնդիր ունենք: Փոքր քայլերի արվեստով պետք է գնանք՝ երբեմն նաև հեղափոխական լուծումներ տալով»,- նշեց նախարարը:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր այս գործի մասին և տեղեկացրել, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել էր, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետևանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից:
Բացի այդ, դատարանը փաստել էր նաև Կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածները: Այս գործով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին:
«...Այսպիսով Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը», -մասնավորապես նշված է Եվրոպական դատարանի վճռում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները Վճռաբեկ դատարանի նախագահի հարցով դիմել են դատավորների էթիկայի հանձնաժողովին
- Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած նոր վճռով գնահատական է տրվել հայ դատավորի գործողություններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան